Home » Featured, հայերեն

Մտորումներ վերջնական խաղաղության շուրջ

11 June 2010 No Comment

Զեզնից նրանք, ովքեր ինձ չէին ճանաչում, երբ դեռ առաջին կամ երկրորդ կուրսում էի, բայց ծանոթ են ինձ հետ հիմա, հավանաբար կզարմանան` լսելով, որ ընդամենը չորս տարի առաջ ես ակտիվ մասնակցում էի հիշատակի օրերին նվիրված միջոցառումներին` վանկարկելով հակաթուրքական և հակաադրբեջանակ ծայրահեղ կոչեր: Ես նաև գրում էի հոդվածներ համալսարանի թերթի համար այնպիսի վերնագրերով, ինչպիսին է, օրինակ, «Ադրբեջան կոչվող մեծ կեղծիքը»:

Այժմ, երբ հետադարձ հայացք եմ գցում այդ հավանաբար «մութ» տարիներին, գիտակցում եմ, որ դա ուղղակի մի ժամանակահատված էր, երբ ես ինքս ինձ գտնելու, իմ գաղափարախոսությունը ձևավորելու և իմ կյանքի ուղին փնտրելու ճանապարհին էի: Ենթադրում եմ, որ մեր երկրներում շատ ուրիշ երիտասարդներ ևս անցել են այդ ուղին, մինչև գտել են իրենց սեփական «ես»-ը:

Եվ այժմ, երբ արդեն ավարտել եմ նաև համալսարանը, ես դարձել եմ մեկը, ով ունի տասնյակ ադրբեջանցի և թուրք ընկերներ, որոնց թվում կան նաև ինձ շատ մոտ մարդիկ: Նաև սիրում եմ լսել թուրքական և ադրբեջանական երաժշտություն, կարդում եմ այդ երկրների մի շարք հեղինակների գրքեր, և, վերջապես, անկեղծորեն աջակցում եմ այն բոլոր նախաձեռնություններին, որոնց շնորհիվ հնարավոր է լուծում ստանա առկա համակարտությունը և խաղաղություն հաստատվի տարածաշրջանում:

Շատերը կարծում են, որ բոլոր այդ տարածաշրջանային երիտասարդական դասընթացները, խաղաղության հաստատմանն ուղղված կոնֆերանսները կամ այլ նման միջոցառումներն ուղղակի ժամանակի կորուստ են, քանի որ ոչինչ չեն փոխում ներկա փակուղային իրավիճակում: Ոմանք էլ կարծում են, որ բոլոր այդ միջոցառումներն գումար վաստակելու միջոց են դրանցով զբաղվող մի շարք կազմակերպությունների կամ խմբերի համար: Սակայն իմ սեփական փորձից կարող եմ ասել, որ այդ միջոցառումները բեկումնային նշանակություն են ունեցել իմ ներկայիս հայացքների ձևավորման վրա:

Ես հենց նման միջոցառումների ժամանակ եմ առաջին անգամ հանդիպել թուրք և ադրբեջանցի երիտասարդների, զրուցել նրանց հետ տարբեր թեմաների շուրջ` սկսած քաղաքականություն ու պատմություն քննարկելուց մինչև մեր մշակույթների, սովորույթների և մտածելակերպի մեջ ընդհանրություններ գտնելը: Այս երկխոսությունը ինձ օգնել է նույն երևույթին տարբեր տեսանկյուններից նայել, կոտրել իմ կարծրատիպերը, որոնց շնորհիվ էլ այսօր փոխվել են հայացքներս շատ հարցերի վերաբերյալ:

Մի շարք ադրբեջանցի երիտասարդների հետ էլ ծանոթացել եմ Facebook-ի միջոցով, որն այժմ մեզ համար դարձել է ոչ միայն կապ պահպանելու միջոց, այլ մի վայր, որտեղ քննարկումներ ենք անում քաղաքականության, մշակույթի և ազգային մտածելակերպի շուրջ: Այս վիրտուալ ծանոթությունները հետագայում նաև վերածվեցին հանդիպումների իրական կյանքում, որոնք, պետք է խոստովանեմ, շատ հետաքրքիր էին ինձ համար: Մի հարցրեք, թե ինչու, քանի որ դժվար թե կարողանամ հստակ պատասխան տալ, բայց ես անբացատրելի կապվածություն եմ զգում այդ մարդկան նկատմամբ:

Ադրբեջանցի ընկերների հետ Թբիլիսիում նման հանդիպումներից մեկի ժամանակ, երբ անցկացնում էինք այնտեղ մեր ձմեռային արձակուրդները, որոշեցինք տուն չվերադառնալ «դատարկ» ձեռքերով և ֆլեշմոբ իրականացրեցինք` խաղաղ երթ կազմակերպելով դեպի վրացական խորհրդարանի շենք Հարավային Կովկասում խաղաղության կոչ անող պաստառներով` գրված վեց լեզուներով (ադրբեջաներեն, անգլերեն, գերմաներեն, հայերեն, վրացերեն և ֆրանսերեն):

Ի դեպ, մի հետաքրքիր դեպք պատահեց այդ միջոցառման ժամանակ, երբ ոստիկանությունը կանգնեցրեց մեզ` հարցնելով, թե ինչի համար ենք երթ կազմակերպել: Երբ պատասխանեցինք, որ մենք ուղղակի հայ ու ադրբեջանցի երիտասարդներ ենք և տարածաշրջանում խաղաղության կոչ ենք անում, նրանց պատասխանը (կարծում են ընկերներս էլ կհամաձայնվեն) ոգևորիչ էր. «Ապրե´ք: Դուք խնդիր չունեք: Կարող եք շարունակել»:

Եվ սա միակ հետաքրքիր դեպքը չէր: Երբ նստած էինք միասին վրացական մի ռեստորանում, մեզ սպասարկող մատուցողը, հավանաբար լսելով, որ ընկերներս ադրբեջաներեն են խոսում, հարցրեց, թե արդյոք Ադրբեջանից ենք: «Այո, Ադրբեջանից ենք»,-պատասխանեց ընկերներիցս մեկը,- «բացի նրանից. նա Հայաստանից է» (այդ օրը միայն ես էի հայ): Մատուցողը պատասխանեց լուրջ դեմքով. «Դա արդեն մեծ առաջընթաց է»:

Կան մի շարք այլ նման պատմություններ, սակայն այս հարցն է, որ միշտ տալիս եմ ինքս ինձ. ի՞նչ ենք իրականում ձեռք բերում` մեր բոլոր ջանքերն ուղղելով միայն այն բանին, որ ապացուցենք ամբողջ աշխարհին, որ մենք ճիշտ ենք և մյուս կողմն է սխալ, և ամեն բանում նրանց պետք է մեղադրել: Ի՞նչ:

Ոչինչ:

Ոչինչ, բացի ժամանակ և ջանքեր կորցնելուց, մինչդեռ չլուծված համակարտությունը շարունակում է մնալ նորանոր տնտեսական, քաղաքական և սոցիալական կորուստների պատճառ, և մեր ժովովուրդները, որ դարձել եմ հակամարտության ուղղակի զոհը, ի տարբերություն քաղաքական գործիչների, շարունակում են իրենց վրա կրել հակամարտության բազմաթիվ բացասական հետևանքները: Այս դեպքում ինչու՞ մի կողմ չդնել այդ բոլոր զգայուն հարցերն ու պատմության` իրար հակազդող մեկնաբանությունները և փորձել խոսել մնացած ընդհանուր հարցերի շուրջ, որոնք, ավելի քան համոզված եմ, իրոք շատ են:

Երկխոսություն:

Սա է մեր միակ ճանապարհը, ինչպես իմ դեպքում ադրբեջանցիների հետ խոսելը փոխեց իմ հայացքները մի շարք հարցերի շուրջ: Երկխոսություև սկսել և առաջ շարժվել: Համագործակցել և առաջ շարժվել: Միայն այս դեպքում մնացած զգայուն և բարդ հարցերը ևս կարող են իրենց վերջնական լուծումը ստանալ:

Մի քանի տարի առաջ մի գրքում կարդացել եմ այս նախադասությանը, որը միչև հիմա մտապահել եմ, և կցանկանայի այն կիսել Ձեզ հետ.

«Այն կարծիքը, որ հակամարտության երկու կողմերն էլ չեն կարող հավասարապես ձեռք բերել «ամեն ինչ», ճիշտ է: Բայց սրա ճշմարտացիությունը, այսպես ասած, քաղաքական տեսնակյունից է միայն: Իսկ մարդասիրական տեսանկյունից երկու կողմերն էլ կարող են ստանալ ամեն ինչ, քանի որ այդ «ամեն ինչը» վերջնական խաղաղությունն է»:

Մարինե Էջուրյան

Leave a comment!

Add your comment below, or trackback from your own site. You can also subscribe to these comments via RSS.

Be nice. Keep it clean. Stay on topic. No spam.

You can use these tags:
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

This is a Gravatar-enabled weblog. To get your own globally-recognized-avatar, please register at Gravatar.